Որքան մոտենում է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը, այնքան կրքերը շիկանում են, ու դա կապված է ոչ միայն բուն ընտրության հետ: Ճիշտ է, առայժմ ոչ թե Բահրեյնի շեյխ, ֆուտբոլի Ասիական կոնֆեդերացիայի նախագահ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆի (նա Հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեինի, շինարարության գծով ՀԱՀ-ի նախկին նախարար Սեկսվալեի, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժերոմ Շամպանի, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոյի հետ թեկնածուներից մեկն է) շուրթերից, այլ նրա մերձավոր շրջապատի կողմից են բարձրաձայնվում նրա ընտրվելու դեպքում 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման տեղերի վերանայումը, սակայն լուրը մասնավորապես չի կարող չանհանգստացնել Մոսկվային, քանի որ սա չափազանց խոշոր հարված կլինի երկրի հեղինակությանը, որի համեմատությամբ կրելիք ֆինանսական կորուստները չափազանց չնչին են ներկայանում, որքան էլ հսկայական գումարներ են ներդրված ու ներդրվում:
Նշենք, որ մինչև այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընդամենը մեկ փոփոխություն է եղել պատմության մեջ: Դա 1983-ին էր, երբ Կոլումբիան հայտարարեց 1986-ի առաջնությունն ընդունելու անպատրաստ լինելու մասին, և ընտրությունների արդյունքով այդ իրավունքը շահեց 1970-ի աշխարհի առաջնությունն ընդունած Մեքսիկան, որի հետ մրցակցում էին Կանադան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հուսալ, թե նախապատրաստվելու համար այն ժամանակ Մեքսիկան ուներ երեք տարի ժամանակ, իսկ այստեղ ոչ լրիվ երկուսուկես տարի է մնում, որ առաջնություն ընդունելը, ժամանակի գործոնից զատ, չափազանց մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, այնքան էլ ազդեցիկ փաստարկ չէ առաջնության անցկացման վայրի հնարավոր փոփոխության հարցում, որովհետև, նախ, կան երկրներ, որոնք վաղուց ունեն համապատասխան ենթակառուցվածքներ ու պատրաստ են դրանք շատ արագ «ապրանքային» տեսքի բերելու հենց թեկուզ զուտ նրա համար, որ Ռուսաստանին «աղեն ու դաղեն»: Չմոռանանք, որ 2018-ի առաջնության համար Ռուսաստանի հետ մինչև վերջին վայրկյանը ոտք էր գցում Անգլիան, ու եթե ոչ ուրիշը, գոնե այն առաջնությունը ստանալու համար պատրաստ է ցանկացած ֆինանսական զոհողություններ կրելու, մանավանդ որ մինչև հիմա էլ համոզված է, թե Ռուսաստանին պարտվել է անազնիվ պայքարում:
Իհարկե, Ռուսաստանն առանց պայքարի չի զիջի, նախագահական ընտրությունների վրա ներազդելու իր գործիքներն ունի, բայց խոստովանենք, որ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆի ընտրվելու դեպքում լրջագույն ամպեր են կուտակվում նրա գլխին: Ճակատագիրը խոշոր մարտահրավեր է նետել Ռուսաստանին, ու խիստ նաիվ կլինի մտածելը, թե սա նրա դեմ կիրառվող սանկցիաներից, այլևայլ ձեռնարկներից դուրս քայլ է: Թե իրադարձություններն ինչ զարգացում կստանան, միանշանակ դժվար է պատասխանելը, ուստի ապավինենք ժամանակի գործոնին, մնանք սպասումով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ